
Mmmmm… no,, I don’t know how to put it down in words…the sensation was quite indescribable… It was an immense honour to be among the organizers of Jethro Tull concert in Armenia. Meeting and getting to know these legendary, meanwhile very humble people was one of the best things I’ve ever experienced!!!
You may think you know everything, whereas … the pleasant surprise makes you speechless…


Review by Zara/Vibrographus
“Երբ մի բան շատ ես ցանկանում, ողջ տիեզերքն է նպաստում դրա իրականացմանը”
Համենայն դեպս մեզ մոտ այդպես է:
Մեր առջև դրված նպատակը ու այն իրականացնելու մեծ ցանկությունը զորեղ գտնվեցին ամեն տեսակ պեսիմիստներից, մեզանից անպակաս բամբասանքներից, վատ լուրեր տարածողներից, գործի մեջ քար գցողներից: Ստացվեց այնպես, որ մեր գաղափարի ուժը իրեն ձգեց անգամ վարչապետին, ում ցանկությունն ու կրքերը միանգամայն համընկան մեր նպատակի հետ, ինչն էլ և դարձավ ծանրակշիռ խթան: Արեցինք այն, ինչ շատ ցանկացանք ու ինչին նվիրվեցինք մինչև վերջ:
Jethro Tull-ի համերգը կայացավ Հայաստանում!!!
Կայացավը այդքան էլ ճիշտ բառը չէ` նկարագրելու համար այն տոնը, այն հնչողությունը, լույսերի պարը, այն ոգևորությունը որ երկար ժամանակ, եթե ոչ երբևէ չի եղել Հայաստանում, ու դեռ հարց է` մեկ էլ կլինի, թե` ոչ: Համալիրի համերգային դահլիճը միահամուռ պայթում էր, ցնցվում էր, տոմսից ուշացածները ծեծում էին դռները, համալիրի դռնապանները նման հանդիսական երբեք չէին տեսել: Համերգը նկարահանել չթույլատրելու բոլոր փորձերը հօդս ցնդեցին. դահլիճը էքստազի մեջ էր, կրքերն անկառավարելի էին բեմը գրոհելու աստիճան, ինչի փորձը կիսահաջող ավարտվեց Անդերսոնի ոտքերի տակ նետված մեր պարսկահայ բարեկամի կողմից, ում համար անհանգստացողներին հանգստացնելու համար ասեմ, որ ոտքերից ու ձեռքերից բռնած նրան դուրս հանող անվտանգության աշխատողները նրան հատուկ վնաս չեն պատճառել, դեռ ավելին` համերգից հետո Անդերսոնը նրա և նաև դրսում հավաքված մեր բարեկամ վրացի մելոմանների համար մեծահոգաբար ստորագրեց:
Իսկ այս ամենի պատճառը… Երևի թե առաջին անգամ Հայաստանը անմիջնորդավորված կերպով տեսավ պրոֆեսիոնալի աշխատանքը, ով ուշադրություն է դարձնում յուրաքանչյուր հնչյունի, կարևորություն է տալիս ելևէջի ու լույսի ներդաշնակությանը, ով ոչ տարիքը, ոչ էլ հոգնածությունը մատի փաթաթան չի դարձնում թերությունները կոծկելու համար, այլ պարզապես դրանք թույլ չի տալիս:
Նրանք իրենց առաքելությունն արեցին վերին հանգստությամբ, կատակներ անելով, առանց բարդություններ ստեղծելու, առանց վերամբարձ պահանջների, իսկ նրանց անասելի համեստությունը ստիպում էր կարմրել, գլուխ խոնարհել, կասկածի տակ դնել բոլոր աստղերի մասին ասեկոսեները, կամ էլ` կասկածել նույն այդ «աստղերին»: Համբերատար շփվեցին ընդունելությանը հրավիրված բոլորի հետ առանձին-առանձին, չվարանեցին լինել անկեղծ, որքան էլ անցանկալի լիներ ճշմարտությունը, անգամ համբերատար պատասխանեցին լրագրողների տրիվիալ հարցերին:
Այստեղ կարելի էր թվել նաև, թե ինչ արեցին հետո, ինչ խոսեցին ընթրելիս, ինչ ասացին քաղաքի փողոցներով շրջելիս, բայց փչացած հեռախոսը մեր խաղը չէ, թերևս, միայն մեկ բան. Կեսարը կասեր` եկա, տեսա, հաղթեցի, իսկ Յան Անդերսոնն ամենայն համեստությամբ վերջում ասաց. «Շնորհակալություն, որ ամեն ինչ արեցիք, որպեսզի այս համերգը միջազգային ստանդարտներին համապատասխան կայանա Հայաստանում»:
Իսկ դրա համար մեր հերթին պետք է շնորհակալություն հայտնենք Հայաստանում այդ բնագավառի միակ լավ մասնագետներին, որոնց մատների վրա կարող ես հաշվել ու որոնց հետ աշխատելը մեր բացառիկ առավելությունն է:
Եթե Հայաստանի գոնե 10%-ը հասկացավ, թե Երևանում Jethro Tull-ի համերգը ու նրանց եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում հայտնվելը ներկայացուցչական ինչ կարևոր իրադարձություն էր քարտեզում իր աննշան տեղը զբաղեցնող Հայաստանի համար, ուրեմն մեր երկրում ամեն ինչ չէ, որ կորած է: